Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն: Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն:
Տիրան
Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ավատատիրական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։ Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ: Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատակինի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ: Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից: Կյանքի վերջին տարիները Տիրանն անց է կացնում Արագածի լանջերին ՝ Կոշում:
Խոսրով 3-րդ Կոտակ
Խոսրով III Կոտակի (330-338 թթ.)օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:
Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Սակայն վերջում Մամիկոնյանը և իր զորքը զոհվում են:
Խոսրովի անտառը, կոչվում է Կոտակի անունով: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:
Տրդատ 3-րդ
Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ՝ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։