Հայրս շատ էր սիրում սովորականից ավելի թեք դիրքով նստել բազկաթոռին, ձախ ձեռքի ցուցամատով փակել ձախ աչքը, իսկ բթամատը դնել ծնոտին։ Եթե որեւէ մեկը այդ պահին լուսանկարեր նրան, կթվար, թե նա ուզում է դարձյալ համոզվել, որ ձախ աչքից մինչեւ ծնոտը մոտ կես թիզ է։
Ընդունելով այս դիրքը, նա սովորաբար թզբեհն էր վերցնում, որպեսզի մյուս, ավելորդ ձեռքն էլ զբաղեցնի։ Ուղիղ տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա սկսում էր զրուցել բազկաթոռի աջ հենակի՝ առանձնապես վերին մասի հետ։
Բոլոր զրույցները պարտադիր սկսվում էին «Է՜հ, այս օրն էլ անցավ» բառերով։ Այս բառերը արտասանելիս հենակը լուռ էր մնում, եւ դա համաձայնություն էր։
Հիմա էլ նա նստած էր ձախ աչքը ցուցամատով փակած, իսկ աջը՝ կիսաբաց։ Նա չափազանց ցածր էր խոսում․
―Այսօր Համոյին տեսա։ Դե Համոն, էլի, որ վիճեցինք այն օրը, ու դա դեռ հերիք չէ, նա այնպես էր քո վրա ողջ ծանրությամբ հենվել, կարծես․․․
Այժմ հենակի լռությունը նրան թվում էր մի տխուր հայհոյանք։
Նա մի քիչ էլ զրուցեց ու երբ զգաց, որ աջ աչքը փորձում էր նմանվել ձախին՝ անմիջապես պառկեց բազկաթոռից քիչ հեռու գտնվող անկողնու վրա։
Հաջորդ օրը արեւոտ էր, ու նա գնաց այգի՝ զբոսնելու։
Երբ վերադարձավ այգուց, տեսավ, թե ինչպես է փոքրիկ թոռը կանգնել իր բազկաթոռի վրա ու ցեխոտ ոտքը երբեմն դանդաղ սահեցնում է հենակի, այո՛, աջ հենակի վրայով։
Նա արագ մոտեցավ ու բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի փոքրիկին /դա նրա աջ ձեռքն էր/։ Բայց այն կախված մնաց օդում, եւ նա չգտնելով ուր թաքցնել՝ սկսեց շոյել թոռնիկի մազերը։
/Նա այդպես էլ ողջ կյանքում չհասկացավ, թե ինչու գոնե չխանգարեց թոռնիկին, երբ նա փչացնում էր իր այդքան սիրած բազկաթոռը/։
Հենց այդ նույն օրը երեկոյան նա դարձյալ նույն դիրքով նստած էր։ Իր թզբեհից տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա մրմնջաց․ «Էհ, այս օրն էլ անցավ»։
Հենակը դարձյալ չէր խոսում։ Սակայն նա հասկացավ, որ այս լռությունը այլեւս համաձայնություն չէր․․․
Ընթերցեցի այս կարճ պատմվածքը Ռոբերտ Ֆիլյանի «Երկուսը, որոնցից մեկը լուռ էր » պատմվածքները և այն ինձ դուր եկավ: Այստեղ խոսք էր գնում մարդու հոգեբանության մասին նա զրուցում էր բազկաթոռի հենակի հետ, կարծում եմ նա այդպես կարողանում էր արտահայտել իր մտքերը և իրեն ստեղծել էր նոր ընկեր, որի հետ զրուցում էր պատասխանում էր նրա փոխարեն ինքն իրեն: Դա իմ կարծիքով միայնակ մարդու վարքագծի էր նման: Ոչ բոլոր պատմվածքներն են քննարկում այս խնդիրը և այս ձևով և հաշվի առնենք այն որ սա 1969 թվի գրառում է: Կարծում եմ իմաստը այստեղ նրանում էր որ ամեն դեպքում դու միշտ պետք է ձեռք բերես քեզ ընկեր, և ինչքան կարևոր դեր նա ունի մեր կյանքում: