
«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Տոնին մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին բոլորով, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, և ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:

Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից և կերուխումից, նաև ազատության օր էր: Այդ օրը հիշում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով բանան։

Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախությն շաբաթ:
Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:
Զվարճախաղերից առավել տարածված էին վեգը, ընկուզախաղերը և ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր էին փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր: Մեկ այլ խաղում խաղացողները մի մետր տրամագծով շրջան էին գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում էին վեգերը` աշխատելով խփել ընկույզներին և գոնե մեկը դուրս հանել շրջանից, որով և շահում էին շարված բոլոր ընկույզները:

գլխավորապես կանանց ու աղջիկների, մասամբ` երեխաների խաղերն էին: Ճոճվում էին բարձր ծառի հաստ ճյուղից կամ որևէ գերանից օղակով անցկացված պարանի վրա նստելով, երկու պարաններ օղակների մեջ տեղադրված տախտակի վրա նստած կամ կանգնած:Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվի:
Բարեկենդանի խոհանոցը
Բարեկենդանին նախապատվությունը տրվում էր մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու: Բարեկենդանի կերակուր են համարվել` փաթիլան, սըռոն, բխբխիկը:


