17-րդ դարի երկրորդ կեսը, Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով: Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները: Ներքին նախադրյալների մեջ էական դարձավ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումնը: Հայաստանում գնալով անտանելի էր դառնում օտարների ծանր բեռը. աստիճանաբար ավելի էին ծանրանում նաև հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը: Ներքին նախադրյալների թվում կարևոր էր նաև այն փաստը, որ Հայաստանում պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Բայց իշխանությունները, դիմագրավելով բազում աղետների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:
Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում: Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ: Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների` օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:
Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև 1645 թվականին սկսված պատերազմը և թուրքերի հնարավոր պարտությունը օսմանյան զորքը թոթափելու հույսեր արթնացրեց թուրքահպատակ ժողովուրդների մոտ: Պատերազմում Վենետիկի դաշնակիցները՝ Հռոմի պապական աթոռը և Ֆրանսիան, ջանքեր էին գործադրում համախմբելու օսմանահպատակ ժողովուրդներին՝ հանդես գալու թուրքական լծի դեմ: Հայազգի գործիչները ևս կոչեր էին ուղղում Հռոմի պապին ու Ֆրանսիայի թագավորին՝ ուժեղացնելու Օսմանյան կայսրության դեմ պայքարը: Այդ առումով կարևոր է Հայոց կաթողիկոսի 1663թ. գրած նամակը Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորին: Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական Շահմուրատը: Նա 1666թ. Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային հովանավորելու քաղաքականություն։ Հայ քաղաքական գործիչները ստիպված էին քայլեր կատարել այլ երկրների՝ Ավստրիայի, Հունգարիայի, Գերմանիայի ու Լեհաստանի հետ դաշինք ստեղծելու նպատակով։
Հայաստանի ազատագրության խնդիրը ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանի գործիչների քննարկման առարկան էր: 1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:
Իսրայել Օրին Կոստանդնուպոլսից ուղևորվում է Իտալիա։ Այնտեղից նա անցնում է Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա։ Այստեղ նա կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները։ Իշխանը խոստանում է աջակցել։ Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։ 1699թ. Անգեղակոթ գյուղում հրավիրվում է գաղտնի ժողով։ Այստեղ վճռվում է լիազորել Իսրայել Օրուն շարունակել բանակցությունները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական իշխանությունների հետ։ Այդ նպատակով մելիքներն իրենց նամակներն են հանձնում Իսրայել Օրուն և նրան ուղեկցող կարգում Մինաս վարդապետ Տիգրանյանին։ Հովհան Վիլհելմին ուղղված նամակում հայ մելիքները խնդրում էին արագացնել Հայաստան զորք ուղարկելը և հավաստիացնում, թե իրենք պատրաստ են հայոց պետականությունը վերականգնելու համար զինված ապստամբություն բարձրացնելուն։ Ռազմական օգնության դիմաց հայ մելիքները խոստանում էին Հովհան Վիլհելմին ճանաչել հայոց թագավոր։ Վերադառնալով Եվրոպա՝ Իսրայել Օրին կազմում և Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության ծրագիր, որը հայտնի է “Պֆալցյան ծրագիր” անունով։ Այն բաղկացած էր 36 կետից։ Այնտեղ թվարկվում էին այն ուղիներն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին պարսիկներին Հայաստանից վտարելու համար։ Հովհսն Վիլհելմը հավանություն է տալիս Իսրայել Օրու ծրագրին և առաջարկում գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ այնտեղի տիրակալների համաձայնությունը ևս ստանալու։ Ֆլորենցիայում դուքսը խոստանում է զորք տրամադրել, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցել Հայաստանի ազատագրման գործին, քանի որ 1699թ. Թուրքիայի հետ կնքել էին հաշտության պայմանագիր։ Իսրայել Օրին համոզվում է, որ Հայաստանի համար հնարավոր դաշնակից կարող է լինել միայն Ռուսաստանը։
1701թ. Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան և Պետրոս l֊ին է ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Նախատեսվում էր կազմակերպել 25֊հազարանոց բանակ, որի մի մասը՝ 10 հազարը, Հյուսիսային Կովկասից պետք է մտներ Վրաստան։ Այնուհետև ռուս֊վրացական զորքին պետք է միանային նաև ապստամբ հայ ուժերը։ Ենթադրվում էր Արևելյան Հայաստանն ազատագրել շատ կարճ ժամանակում՝ նկատի ունենալով Պարսկաստանի՝ դիմադրելու անկարողությունը։ Պետրոս l֊ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, ուստի հուսադրում է Իսրայել Օրուն, թե կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Միաժամանակ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս l֊ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Դեսպանության ղեկավար նշանակվում է Իսրայել Օրին, որին տրվում է բանակի գնդապետի աստիճան։ Իսրայել Օրին մեկնում է նախ Եվրոպա և Հռոմի պապից ևս ստանում պարսից շահին ուղղված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ։ 1708թ. Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709թ շարունակեց իր ճանապարհը, եղավ Սպահանում և նույն թվականին վերադարձավ Անդրկովկաս։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան֊Ջալալյանը։ Աստրախանում 1711թ. Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան֊Ջալալյանը վերադարձավ Արցախ։