Ֆայաս ( Fallas ) կամ Լաս Ֆայաս (Las Fallas ), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություներից է որը իրականացվում է իսպանական Վալենսիա քաղաքում:
Նինոտները (Վալենսիական խամաճիկներ կամ տիկնիկներ) և նրանց ֆայաները կառուցվում են ըստ համապատասխան թեմայի, որը որպես կանոն ծաղրապատճենավորված արտահայտությունն է այն բանի, ինչը տարվա ընթացքում գրավել է Վալենսիայի բնակիչներից ձևավորված խմբերի անդամների` Ֆայերների (գրանցված պատրաստող մասնակիցներ) ուշադրությունը։ Ֆայասի համար նախատեսված ֆայաների մոնտաժման աշխատանքները սկսվում են մարտի սկզբին և ավարտվում են մարտի կեսերին (15-19)։ Խմբերը մեծ շքերթով դուրս են բերում իրենց պատրաստած նինոտները, ապա սկսում են մոնտաժել դրանք, խմբերց յուրաքանչյուրն իր շրջանի փողոցներից մեկում տեղադրում է բարդ-յուրօրինակ հրավառելիքներով լցված հուշարձան։ Ծաղրապատճենները բաղկացած են ամենաարտասովոր ֆիգուրներից։



Այս ամբողջ ասամբլը կոչվում է Ֆայա։ Դրանցից յուրաքանչյուրը կատարվում է բազմաթիվ կասալ Ֆայերներից (ֆալյա պատրաստող կազմակերպություններ) մեկի ղեկավարությամբ, որոնք մրցում են միմյանց հետ, ներգրավելով լավագույն արվեստագետների և ստեղծելով իրենց առաջ դրած նպատակին համապատասխան ամենաաղաղակող ալեգորիկ հուշարձանը։ Վալենսիայում կան մոտ 750 այդպիսի իրար հարևանությամբ գործող հասարակական կազմակերպություններ, որոնց անդամագրված են ավելի քան 200 000 մարդ կամ քաղաքի բնակչության մեկ քառորդը:




Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում:



Ֆայասը սկսելու նախաշեմին Վալենսիայում մեծ վրանի տակ, որը տեղադրվում է քաղաքի առևտրային կենտրոնում (Nuevo Centro), ավտոկայանի մոտակայքում, բացվում է նինոտների ցուցահանդեսը։ Ըստ ավանդույթի ցանկացած մարդ` ոչ մեծ գումար վճարելով, կարող է ցուցահանդես այցելել և քվեարկել իրեն դուր եկած ցանկացած նինոտի օգտին։ Ֆայերների խմբերի մրցույթի հաղթողը հայտնի է դառնում մարտի 15-ին` համաժողովրդական քվեարկության արդյունքում։ Հետևաբար զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները բավականաչափ հնարավորություն են ունենում հիանալ հավանության արժանացած նինոտ-կոմպոզիցիայով, որը տեղադրվում է քաղաքապետարանի հրապարակում։




Ծագում
Ֆայա տոնի ծագման մասին կան տարբեր տեսակետներ։ Ըստ տեսակետներից մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն ազատվելով իրենց կոտրված իրերից և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում՝ այրում էին դրանք, որպեսզի տոնեն գարնանային գիշերահավասարը։ Վալիացի հյուսները օգտագործում էին ավանդական լապտերներ՝ «պարոտ» կոչվող (parots) փայտե տախտակներ, որոնցից կախում էին իրենց մոմերը ձմռան ընթացքում, քանի որ դրանք անհրաժեշտ էին աշխատանքի լուսավորման համար։ Գարնան գալուն պես, երբ մութ ժամերին աշխատելու անհրաժեշտություն այլևս չկար, դրանք արդեն պետք չէին լինում, այդ պատճառով դրանք այրում էին։ Յուրաքանչյուր արհեստավոր իր դռան առաջ խառույկ էր անում։ Ժամանակի ընթացքում, և Եկեղեցու միջամտությամբ, պարոթները այրելու ամսաթիվը համընկացվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության հետ: Բոլոր արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները, թաղամասի մարդիկ բերում էին իրենց հին կահույքը և տարբեր անպետք իրեր և նետում էին խարույկի մեջ։ Այս ավանդույթը շարունակական զարգացում է ունեցել։ Պարոտին ձեռքեր և ոտքեր էին ամրացնում, զգեստներով ձևավորում էին, որպեսզի այն մարդու տեսք ստանար, գլխարկ, զարդեր էին դնում` հաճախ որոշ առանձնահատկություններ ավելացնելու միջոցով շրջապատի մարդկանցից ինչ-որ հայտնի մեկին նմանեցնելով։ Այդ նյութերը հավաքելու համար երեխաները գնում էին տնից տուն, խնդրելով հին գորգ (una estoreta velleta) պարոտը լրացնելու համար։


Ֆայասների ընթացքում շատ մարդիկ հագնում են կասալ Ֆայեր տոնական զգեստներ, որոնք Վալենսիայի պատմության տարբեր դարաշրջանների տարածաշրջանային և պատմական տարազներ են։ Ամենուրեք հնչում է դոլթաինան (Dulzaina-հոբոյանման փողային երաժշտական գործիք) և թմբուկը (այսպես կոչված Վալենսիայի թմբուկ), ընդ որում ֆայա-կասալների մեծ մասն ունեն իրենց ավանդական նվագախմբերը։

