Սասնա պարեր: Յարխուշտա, Սասնա շորոր, Մայրոքե

Յար խուշտա

Յար խուշտան՝ Սասունի շրջանների հայ ազգաբնակչության ռազմական պարից է, որը պարում էին տղամարդիկ։ Յար խուշտա ռազմական խաղ-պարը, պատկանում է Ծափ պարերի տեսակին և առանձնանում յուրօրինակ կառուցվածքով, խաղային, երաժշտական, բանահյուսական տեքստերով և գունեղ կատարման ոճով: Պարի անվանումը ունեցել է տարբեր մեկնաբանություններ։ Դրանցից մեկն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար», բացի սիրեցյալից նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ» ՝ կարճ նիզակ, զենք։

Այդ պարերում շարժումները շեշտվում են հանդիպակած զույգի հետ ծափերով, որոնք կարծես թե փոխարինում են զենքերին և յուրովի նմանակում դրանց հարվածն ու բախման ձայնը: Հայկական ռազմական ծափ պարերից են` Խարզանի Յար Խուշտա կամ Թաք Յար խուշտա, Սլիվանի Յար խուշտա, Մաչինո, Մընդո, Հալա կըշտա, Դե բժան, բժան պարերը: Ծափ պարերում առանձնանում է հանդիպակած զույգի հետ ծափերի կատարման երկու տեսակ` ծափեր զույգի հետ մեկ ձեռքով և ծափեր երկու ձեռքով: Երբ ծափերը կատարվում են մեկ ձեռքով, այդ դեպքում մեկ կողմը հանդես է գալիս որպես հարձակվող, իսկ մյուսը` պաշտպանվող: Հնարավոր է, որ վաղ անցյալում զույգերն ունեցել են թրեր, նիզակներ և վահաններ հարձակման և պաշտպանության նպատակով, որոնք ժամանակի ընթացքում փոխարինվել են զույգերի աջ ձեռքերի միմյանց ուժգին բախվող հարվածներով: Այս տեսակի Ծափ պարերում պարաձևերը հերթագայում են այնպես, որ մեկ մի կողմն է հարձակվում մյուսը պաշտպանվում, մեկ էլ` մյուսը: Երբ ծափերը կատարվում եմն երկու ձեռքով, հանդիպակած կողմերը հարձակվում, հավասարապես զարկում և պաշտպանվում են միաժամանակ: Այս դեպքում կարծես թե վերանում են նահանջողի դերն ու վահանի գործառույթը: Երկու կողմերն էլ զինված են հարձակման զենքերով, այն է` միաժամանակ կատարվող երկու ձեռքի ծափերով և հարձակողական դիրքերում են: 

Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանի գրանցմամբ պարի երաժշտական չափը 2/4 է: Այն սկսվում է միջին տեմպով, աստիճանաբար արագանում: 
Ինչ որ ժամանակ Յար խուշտան կատարվել է արտասահմանական երգի ուղեկցությամբ: Երգի տեքստը կարճ է և կրկնվում է շարունակաբար: Բառերի իմաստը հայտնի չէ, երևի թե այն մարտական կանչ է խորհրդանշում: Պարի կատարումն ուղեկցվել է նաև դհոլի և զուռնայի նվագակցությամբ, որը ամբողջացրել է պարը:

Յար խուշտան այն յուրօրինակ ավանդական պարերից է, որը ժողովրդական պարային մշակույթում պահպանվել է մինչ օրս և շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել: Դեռևս XX դարի 30-ական թթ. այն բեմականացրել է Սրբուհի Լիսիցյանը` Երևանի Պարարվեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում և Վահրամ Արիստակեսյանը` Հայաստանի ազգագրական պարերի պետական առաջին անսամբլում:

Ժամանակի ընթացքում այն տարբեր փոխակերպումների է ենթարկվել, դարձել աշխարհիկ զվարճանքի խաղ և պար, միաժամանակ պահպանել հնագույն տարբերակին բնորոշ տարրեր, որոնց ակնհայտ վկայություններն են պարի միզանսցենները, պարաձևը, ծափերը, բանահյուսական տեքստն ու մարտական կանչերը: 
Ներկայումս Յար խուշտան պահպանվում է հայ ժողովրդական և բեմական պարարվեստում, և այդ կենսունակությունը նույնպես հաստատում է այս բացառիկ ավանդական պարանմուշի արժեքն ու ինքնատիպությունը:

Յարխուշտա

Սասնա Շորոր

Հանդիսավոր, դանդաղ պար է։ Երբեմն այս պարը պարում են հարսանիքների ժամանակ՝ հարսի և փեսայի հետ։ Շատ հաճախ նաև մոմերով են պարը կատարում: Սասունցիները մինչ օրս պարում են։ Տեսանյութում միայն աղջիկներն են պարում, բայց սովորաբար խառը կազմով են պարում։

Մայրոքե

Մայրոքե, թարս պար։ Ինչպես բոլոր թարս պարերը, այնպես էլ Մայրոքեն պարելիս գնում են դեպի ձախ։ Այսինքն դա խորհրդանշում է, որ «գործը թարս է գնացել»: Պարն ունի 3 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակը իր յուրահատկությամբ։ Սասունի շրջանի պար է։Բաղկացած է մեկ մասից։

Աղբյուրներ՝

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started