Ճգնաժամ հասկացությունը
Ճգնաժամը ցանկացած իրադարձություն կամ ժամանակաշրջան է, որը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել անկայուն և վտանգավոր իրավիճակի, որն ազդում է անհատի, խմբի կամ ամբողջ հասարակության վրա: Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։
Ներքաղաքական ճգնաժամ
Ներքաղաքական ճգնաժամը իրավիճակ է մի պետության մեջ, որը զարգացել է քաղաքական ուժերի (կուսակցությունների) միջև համաձայնեցված գործողությունների անհնարինության պատճառով, ինչը հանգեցնում է բոլոր օրենսդրական գործընթացների բարդացմանը և պետական իշխանության թուլացմանը:
Մշակութային ճգնաժամ
Մշակութային ճգնաժամերն առաջանում են, երբ փոխանցված ավանդույթը ներառյալ ժողովրդական ուղիներն ու բարքերը, ինչպես նաև կրոնական հավատալիքները, այլևս չեն համապատասխանում առօրյա կյանքի ավելի աշխարհիկ հետաքրքրությունների և ապրելակերպին:
Տնտեսական ճգնաժամ
Տնտեսական ճգնաժամը բնութագրվում է արտադրության կտրուկ և զգալի անկմամբ։ Տնտեսական ճգնաժամի հետևանքն է իրական համախառն արտադրանքի նվազումը, զանգվածային սնանկությունները և գործազրկությունը, բնակչության կենսամակարդակի նվազումը։
Սոցիալական ճգնաժամ
Սոցիալական ճգնաժամը վերաբերում է աղետներից բխող միջադեպերին, որոնք վտանգում են բնականոն սոցիալական կարգը և հասարակական անվտանգությունը՝ առաջացնելով սոցիալական գործունեության մեխանիզմի դիսֆունկցիա:
Ֆինանսական ճգնաժամ
Ֆինանսական ճգնաժամը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կազմակերպությունը տուժում է հսկայական գումարների կորստից: Ֆինանսական խնդիրները, ինչպիսիք են սնանկությունը, եկամուտների կորուստները, գնաճը կամ շուկայում տենդենցի կտրուկ փոփոխությունը, կարող են ֆինանսական ճգնաժամ առաջացնել կազմակերպության մեջ: Ֆինանսական ճգնաժամը կարող է տեղի ունենալ ցանկացած կազմակերպությունում: Ճգնաժամի այս տեսակը շատ բարդ և վնասակար է ամբողջ կազմակերպության համար: Հաճախորդները կարող են կորցնել իրենց վստահությունը, եթե ֆինանսական ճգնաժամը չկարգավորվի ուշադիր և արագ:
Կրոնական ճգնաժամ
Կրոնական ճգնաժամը նշանակում է սեփական համոզմունքների վերաբերյալ ներքին կասկածի (բախման) վիճակ: Կրոնական ճգնաժամից դուրս գալը կարող է ներառել ինչպես որոշակի համոզմունքների հաստատում, այնպես էլ մերժում: